Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
   ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԵՐՆՋԱԿՅԱՆ
 
   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ,
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՏՆՕՐԵՆ,
ԴՐԱՄԱՏՈՒՐԳ   

Ծնվել է 1951 թվականի մարտի 2-ին, քաղաք Երևանում։

1974 թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի
կիբերնետիկայի ֆակուլտետը։
 
1983 թ.-ին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի մասնագիտություն։

1971-1972թթ. Արա Երնջակյանի ստեղծած Ուրախների և հնարամիտների Ակումբի առաջին հայկական թիմը հաջողությամբ ելույթներ ունեցավ Մոսկվայում կայացած Համամիութենական մրցույթներում՝ հասնելով եզրափակիչ փուլ։

1976 թ.-ին կազմավորել է “Տղամարդկանց ակումբ”-ը, որն ուներ կոնկրետ թատերական ուղղվածություն։
 
1982 թվ.-ին հիմնադրել է յուրովի մեկնաբանություններով հայտնի, աշխարհի տարբեր բեմերում հյուրախաղերով հանդես եկած մի շարք միջազգային փառատոնների հաղթող Երևանի Կամերային թատրոնը, որի անփոփոխ ղեկավարն է հանդիսանում մինչ օրս։
 
Արա Երնջակյանը 30-ից ավելի պիեսների, հինգ կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մի մասը մտել է նրա ստեղծագործությունների չորսհատորյա հավաքածուի մեջ։

Ա. Երնջակյանը թատրոնում իրականացրել է 50-ից ավելի բեմադրություններ, տասնյակ մեծամասշտաբ շոու-միջոցառումներ (“Սուրբ Ծնունդ” և այլն), նկարահանել է երկու լիամետրաժ գեղարվեստական կինոֆիլմ՝ “Ժամկետը՝ յոթ օր” (1990), “Արմենիկում UPSA” (1999)։

1992-1995 թթ. իրականացրել է մի շարք հեռուստանախագծեր՝ “Նորք” (Երևան), ՕՌՏ (Մոսկվա), “Արմենիա թու դեյ” (ԱՄՆ) հեռուստաընկերությունների պատվերներով։

1996 թվականից Արա Երնջակյանն, առաջին անգամ Հայաստանում, կազմակերպել է
“Միսս Հայաստան” գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթը և հանդիսացել է մրցույթի կազմկոմիտեի նախագահը։ Այդ մրցույթների հաղթողները մի շարք միջազգային մրցանակաբաշխություններում նվաճել են բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ։
 
1998 թվ.-ին ստեղծել է “ԵՐԿԱԹ TV Փրոդաքշըն”-ը, հետագայում՝ “ՅԱՆ TV” հեռուստաընկերությունը, որի հաղորդումները ցուցադրվում են Հայաստանի տարբեր հեռուստաալիքներով։

1998-2001 թթ. Արա Երնջակյանը զբաղեցրել է Երևանի Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնը։

2004 թ.-ին Կամերային թատրոնում տեղի ունեցավ Արա Երնջակյանի
“Հոռետեսական կատակերգություններ” գրքի առաջին հատորի (ռուսերեն լեզվով) շնորհանդեսը։ Այն իր մեջ ներառում է երեք պիես. “Սոնատ թավջութակի համար”, “Ալքիմիկոս”, Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”, երկու կինոսցենարներ. “Ժամկետը՝ յոթ օր”, “Երեք հանցագործությունների պատմություն” և մեկ հետազոտական էսսե՝ “Ով ով է Շեքսպիրի “Համլետ” պիեսում”։
 
Թատերական արվեստում բացառիկ նվաճումների համար, 2005 թվականին Արա Երնջակյանը պարգևատրվեց “Արտավազդ” կրծքանշանով։
 
2006-2007 թթ. թատերաշրջանի “Լավագույն ներկայացում“ անվանակարգում ամենամյա մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ “Ի զե´ն“  ներկայացման համար։
 
2008 թվականին լույս տեսան Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հատորները (հայերեն լեզվով), որտեղ տեղ են գտել ինչպես պիեսներ, այնպես էլ աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին։ Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև «Մի կերպարի ոգեկոչություն» (Հորացիոյի կերպարը Շեքսպիրի «Համլետ»-ում)  գիտական աշխատանքը։
 
2009 թվ. ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն պիես» անվանակարգում մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ «Հոբելյանական հաճախորդ» պիեսի համար։
 
Արա Երնջակյանը Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։
Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ է։
“Հայաստան-Կիպրոս” ընկերության նախագահն է։

Արա Երնջակյանը բազմաթիվ կինո և թատերական միջազգային
փառատոների դափնեկիր է։

 


 
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов