Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
      ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

      Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1982 թվականի դեկտեմբերի 15-ին։ Սակայն թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի “Ուրախների և հնարամիտների ակումբ” (ՈւՀԱ), թիմի կապիտան՝ Ա. Երնջակյան։ Թիմը դարձավ Երևանի առաջին հաղթողը և առաջինը ներկայացրեց Հայաստանը՝ Մոսկվայում կայացած ՈւՀԱ-ի Համամիութենական խաղերում (1971-1972 թթ.)։ Ավելի ուշ, ՈւՀԱ-ի թիմի հիման վրա ստեղծվեց “Տղամարդկանց ակումբ”-ը, որի թատերախաղերը ներկայացվում էին Երևանի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի և շատ այլ բեմերում։
       Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով վերակառուցում էր թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ Եվ արդեն 1981 թվականին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ, որն ընդունակ էր լուծելու ամենաբարդ ստեղծագործական խնդիրներ, իսկ խաղացանկում՝ հանդիսատեսին արդեն քաջ հայտնի մի շարք ներկայացումներ։ 1983 թվականին հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։
       Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։
       Կամերային թատրոնի գործունեության ընթացքում բեմադրված բազմաթիվ ներկայացումները հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն են վայելում։ Այստեղ իրենց ստեղծագործական ուղին են սկսել շատ անվանի դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ։
       Իր ստեղծման տարիներից ի վեր Երևանի Կամերային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի մի շարք քաղաքներում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Ռիգայում, Տալլինում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Հալեպում, Նանտում և այլուր։ Այն Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և աշխարհի այլ երկրներում կայացած բազմաթիվ միջազգային թատերական փառատոների դափնեկիր է։ Կամերային թատրոնի ստեղծման առաջին իսկ տարիներից, Արա Երնջակյանի և ստեղծագործական կոլեկտիվի նպատակն էր, դուրս գալով զուտ թատերական գործունեության շրջանակներից՝ ձևավորել մշակութային համալիր։ Բավական է նշել կինոսրահը, Fe-Պատկերասրահը (1994), “Միսս Հայաստան” գեղեցկության և նրբագեղության մրցույթը (1996-2000), “ԵրԿաթ TV”, “ՅԱՆ TV” հեռուստաընկերությունները “ շատ այլ ստեղծագործական նախագծեր։ Կամերային թատրոնի ուժերով նկարահանվել են երկու լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։
       Թատրոնի մանկապատանեկան խումբ-ստուդիան ամեն տարի բացահայտում է նոր տաղանդներ։
       Ներկայումս էլ Երևանի Կամերային թատրոնը շարունակում է մնալ հանդիսատեսի մոտ կենդանի հետաքրքրություն առաջացնող նոր մտահղացումների և թատերական պրոյեկտների հեղինակ։
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов