ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
«Նույնացումը որպես թատերական արվեստի սկզբունք»
աշխատությունը զետեղված է Արա Երնջակյանի «Հոռետեսական կատակերգություններ»
պիեսների և հետազոտական աշխատանքների հավաքածուի
3-րդ հատորում (Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2008)։
Նույնացման համակարգի էությունն է հանդիսատեսի նույնացումը բեմում կատարվողի հետ, երկու իրողությունների՝ թատրոնի և կյանքի փոխներթափանցումը։ Այդպիսի ամբողջական և բնական շփումը ձեռք է բերվում շրջանցելով, այսպես կոչված, «չորրորդ պատը», երկխոսություն կառուցելով դերասանների միջև հանդիսասրահի միջոցով։
Դահլիճ նետված բացականչություններն այստեղ իրոք ուղղված են հանդիսատեսին և սպասում են արձագանքի։ Եվ հանդիսատեսը կամա թե ակամա անմիջապես ներգրավվում է խաղի մեջ։ Խաղ, որը կենդանի ձայնի իրավունք է տալիս։
Այսպիսով, Նույնացման համակարգը թույլ է տալիս ոչ միայն ցույց տալ, այլ նաև պատմել, բացատրել, բանավիճել, ապացուցել։
Ընդարձակելով գեղագիտական հարաբերությունների ոլորտը, այն արվեստը բերում է գիտության հետ անմիջական շփման։
Արդյունքում հանդես է գալիս որոշակի միջանկյալ ձև, որը հավասարապես հավակնում է պատկանել և´ գեղարվեստական ստեղծագործության, և´ հումանիտար գիտական իմացության։ Այլ խոսքով, զգայական գեղագիտական ազդեցությունը հենվում է գիտական իմացության վրա, իսկ վերջինս էլ ձեռք է բերվում և ամրապնդվում արվեստի միջոցով։ Կերպարը ձուլվում է հասկացությանը։
Նույնացման համակարգն օգնում է ստեղծել ընդհանրական խտացված կերպարներ, մարմնավորելով գաղափարը ոչ թե բնութագրական կերպարներում, այլ բնութագրական իրադարձությունների հաղորդմամբ։ Գաղափարն այստեղ հանդիսատեսին ավելի կարճ ճանապարհով է հասնում, քան այնտեղ, ուր այն ներկայացվում է՝ հերոսների ճակատագրերում։ Այստեղ այն հանդիսատեսին մատուցվում է ուղղակի, անմիջականորեն, օգտագործելով բեմական ազդեցության բոլոր հնարավոր միջոցները։
Ինչ վերաբերում է խորհրդանշանին՝ երկու կիսադեմեր (դերասանի և հանդիսատեսի)` միացած մաթեմատիկական նույնության նշանով, ապա դա տուրք է Նույնացման համակարգին. համակարգ, որով ստեղծվել է և մի քանի տասնյակ տարի գործում է Երևանի Կամերային թատրոնը։
|